ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Սանիտարական նոր լաբորատորիան կօգնի Հայաստանին էլ ավելի արագ ստուգել մթերքի որակը սահմանի վրա։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ կառավարությանը ենթական սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Վրաստանի հետ սահմանին ֆիտոսանիտարական նոր լաբորատորիայի բացման ժամանակ։
Լաբորատորիան գործելու է Այրում սահմանային երկաթուղային կայարանին կից։ Այստեղ ստուգելու են բուսական ծագում ունեցող այն մթերքը, որը ներմուծելու կամ արտահանելու են գնացքով կամ բեռնատար տրանսպորտով։ Լաբորատորիան կառուցվել է Ռուսատանի կառավարության աջակցությամբ։ Դրա վրա ծախսվել է 194 միլիոն ռուբլի։
Ռուսական կողմը պատրաստել է գումարը հայ գործընկերների համար դեռ 2015 թվականին՝ ստորագրելով Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը։
«Երկար ժամանակ չէինք գործարկում։ Այդ պատճառով 2018 թվականի ամռանը հնարավորինս սեղմ ժամկետում պայմանավորվեցինք մեր նախագծերի մասին։ Ու այս ժամանակակից լաբորատոր համալիրը կառուցվել է զրոյից ընդամենը չորս ամսվա ընթացքում», - ասաց Ավետիսյանը։
Ապրանքները Հայաստան են գալիս հիմնականում Վրաստանից, մեքենաներով (Բագրատաշենով) ու գնացքով (Այրումով)։ Բագրատաշենում լաբորատորիա գործում է (մոդեռնիզացված է Եվրամիության դրամաշնորհով)։ Իսկ Այրումում կառուցված նորը թույլ կտա թեթևացնել հերթերը։
Նա ավելացրեց, որ այստեղ կարելի է ստուգել ոչ միայն սննդամթերքը, այլև բուսական ծագում ունեցող այլ ապրանքներ, օրինակ՝ տնկիներ, տախտակներ և այլն։
Ընդ որում՝ ապրանքը կարելի է ստուգել ու տեղում վարակազերծել, նշեց «Ռոսգրանստրոյ» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բոբովսկին։ Ընկերությունը հսկում է Ռուսաստանի պետական սահմանի օբյեկտների շինարարությունը ու ՌԴ տրանսպորտի նախարարության մեջ է մտնում։
«Կարող եմ ասել, որ սա իր հզորության համար շատ որակյալ օբյեկտ է։ Նա բավարարում է Հայաստանի բեռների հոսքի պահանջները։ Բացի այդ, որոշ դեպքերում այստեղ հնարավորություն կա վարակազերծել ապրանքներն ու դրանք արդեն անվտանգ վիճակում հանրապետություն մտցնել։ Իսկ դա նշանակում է, որ կյանքի որակը Հայաստանում կլավանա», - ընդգծեց նա։
Նոր լաբորատորիայի աշխատանքը սինխրոնացվելու է գնացքների ժամանակացույցի հետ, որ շարժակազմները հնարավորինս քիչ սահմանին կանգնեն։