Երևանում կազմակերպվեց ակցիա՝ ի աջակցություն հայ-ռուսական հարաբերությունների

Կոմունիստների կարծիքով՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը երկրի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երևանում` Ռուսաստանի դեսպանատան դիմաց, այսօր անցկացվեց ակցիա` հայ–ռուսական հարաբերությունները խորացնելու և Հայաստանում ռուսական 102–րդ ռազմակայանը պահպանելու նպատակով։

Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրն արդեն հայտնի է

Ակցիայի կազմակերպիչներն էին Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։

Ինչպես նշեց Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ կանցկացվի ակցիա` պահանջելով դուրս բերել 102–րդ ռազմակայանը Հայաստանից։ Նոյեմբերի 29–ին կոմունիստներն արդեն բախում են ունեցել այդ ակտիվիստների հետ։

«Նրանք կրկին փորձում են կրկնել այդ ակցիան, և մենք որոշել ենք աջակցության հայտնել բազայի պահպանմանը։ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, և դա արտահայտում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության դիրքորոշումը», – նշեց Սաֆարյանը։

Նա կարծում է, որ առանց ռուսական ռազմակայանի Հայաստանի անվտանգությունը լիարժեք չի լինի։ Չէ՞ որ Մոսկվան` Երևանի ռազմավարական դաշնակիցը, գլխավոր ներդրողն է, բացի այդ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է։

«Մենք պետք է ամրապնդենք Ռուսաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական հարաբերությունները», – նշեց Սաֆարյանը։

Բոլոր հարցերը կքննարկենք Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ. Պուտին

Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն իր հերթին հայտարարեց, որ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ուժերը կրկին բարձրացրել են ռազմակայանի թեման` օգտվելով վերջերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից։ Նա դատապարտեց հանցագործությունը, բայց նշեց, որ դա չպետք է օգտագործվի շահարկումների համար։

«Ո՞ւմ եք բերելու 102–րդ ռազմակայանը դուրս բերելուց հետո, ՆԱՏՕ–ի՞ն։ Ռուսական ռազմակայանը զսպում է պանթուրքական պետություն ստեղծելու ծրագրերը։ Հայ ժողովրդին կոչ ենք անում սադրանքի չենթարկվել», – ասաց Ղազարյանը։

Նա հիշեցրեց Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Հայաստանի հետ խնդիրներ չկան։ Կոմունիստը նշեց, որ երկրների բարեկամական հարաբերությունները պետք է խորանան։