ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. 2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1 % գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2%-ի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հավելելով, որ գնաճը հիմնականում պայմանավորված է սեզոնային ապրանքների գների աճով։
Կենտրոնական բանկի հաշվարկով` նախորդ տարվա համեմատ նվազել է ոչ միայն նոյեմբերի, այլև 12-ամսյա գնաճը`կազմելով 1.8%:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ևս ցածր գնաճային միջավայրը կպահպանվի, քանի որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն կանխատեսվում:
Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը` 6 տոկոսը։
Այդուհանդերձ, գնաճի կանխատեսվող ցուցանիշը Կենտրոնական բանկը շարունակում է պահել 4%–ի սահմաններում` միաժամանակ խոստանալով, որ գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ–ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
2018թ–ի գնաճի ամբողջական պատկերը Կենտրոնական բանկը կհրապարակի արդեն հաջորդ տարի` հունվարի 16-ին։