Դեֆոլտի մասին պնդումները սպեկուլյատիվ հայտարարություններ են․ տնտեսագետ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ` տարին բարդ էր մեր տնտեսության համար, բայց գարնանը մեր երկրում տեղի ունեցած քաղաքական մարտահրավերներին մեր տնտեսությունը դիմակայեց և հաղթահարեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Այս 8 ամիսների տնտեսական ամենամեծ ձեռքբերումը բիզնեսի և իշխանության տարանջատումն է»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նրա խոսքով` տասնամյակներ շարունակ ունեինք բիզնեսի և իշխանության սերտաճում, կոռուպցիա, քվոտավորված տնտեսություն և «դաբրոների» վրա հիմնված ներդրումային համակարգ: «Այս ամիսներին տեղի ունեցած  ինստիտուցիոնալ փոփոխությունների շնորհիվ այսօր թերևս քչերը կարող են պնդել, որ իշխանության մեջ լինելը բիզնեսին արտոնություն է տալիս»,–նշեց Մարգարյանը։

Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ` տարին բարդ էր մեր տնտեսության համար: Կարելի է ասել, որ գարնանը մեր երկրում տեղի ունեցած քաղաքական մարտահրավերներին  մեր տնտեսությունը դիմակայեց և հաղթահարեց:

«Բոլոր դեպքերում մենք ունենք հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները, համաձայն որի տնտեսական ցուցանիշը, տնտեսական ակտիվության ցուցանիշը  5.7 % է: Դա մոտ է այս տարվա կանխատեսվող 6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշին: Դեռ մեկ ամիս կա, իսկ դեկտեմբերն այդ տեսանկյունից բավականաչափ աշխույժ է` հաշվի առնելով առևտրի աշխուժացումը, մասնավոր տրասֆերտների հոսքը։ Այնպես որ, կարծում եմ, որ այս ցուցանիշի մասով բավականաչափ մոտ է այն կանխատեսվողին, որ անցյալ տարվա այս ժամանակահատվածում ծրագրում էր նախորդ կառավարությունը»,–ասում է Մարգարյանը և հավելում, որ ընդհանուր պատկերը դրական է`հաշվի առնելով, որ ցնցումային պայմաններում որպես կանոն ազգային արժույթներն արժեզրկվում են:

Հայաստանի պետական պարտքը հատել է 6.7 մլրդ դոլարի շեմը, որքանո՞վ է դա վտանգավոր

Անդրադառնալով դեֆոլտի մասին խոսակցություններին` տնտեսագետը նշեց, որ դրանք ավելի շուտ միջնորդների, շուկայում որոշակի խմբերի, ինչու չէ` հնարավոր է նաև գործարար խոշոր կապիտալ ունեցող մարդկանց շահերը սպասարկող սպեկուլյատիվ հայտարարություններ են։ «Բյուջեի, ընդհանրապես, երկրի անվճարունակության մասին այդպիսի պնդումները ևս աբսուրդ են, եթե նկատի ունենանք` ինչպիսին է բյուջետային իրավիճակը, ինչպես են հավաքվում պետական եկամուտները, իսկ դրանք դրանք թիրախավորված ցուցանիշների շրջանակներում են: Եթե ամփոփիչ գնահատական տանք ֆինանսական համակարգին կամ ֆինանսաբյուջետային համակարգին, ապա պետք է հաշվի առնենք, որ տարվա ընթացքում երկու կառավարություն է աշխատել, բայց կարելի է ասել` մեկ միասնական պլատֆորմ է իրականացվել»,–ընդգծում է Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետը նկատում է նաև ռիսկերը և ընդգծում կարևոր անելիքները: Հիմա արդեն ժամանակն է նվաճումները ինստիտուցիոնալիզացնել` կոռուպցիան հաղթահարել, ստվերը կրճատել և զարգացնել տնտեսության իրական հատվածը: «Սրանք խնդիրներ են, որոնց լուծումը պետության վրա է ծանրացած: Ամենակարևորը` պետք է մտածելակերպ փոխվի»,–կարծում է Մարգարյանը: