Սպառնալիքները չեն ազդելու մեր դիրքորոշման վրա. ԱԳՆ–ի պատասխանը Մամեդյարովին

ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության առնչությամբ կարող է երկու մոտեցում լինել, կարծում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին ինքնակառավարման իրավունք տալ. Մամեդյարով

«Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն»,– նշված է ԱԳՆ–ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Ըստ Նաղդալյանի` պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:

«Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,– ասել է նա:

Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տրամադրել։