Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին ինքնակառավարման իրավունք տալ. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով` ղարաբաղյան հակամարտության հարցում առաջխաղացումը «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության պայմաններ ստեղծելով, առաջին հերթին տնտեսական աճի հնարավորություն կտա Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բաքուն հույս ունի 2019 թվականին կարգավորել հարաբերությունները Երևանի հետ ու պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տրամադրել։ Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

ԱՄՆ–ն Հայաստանի վրա ճնշում է գործադրելու Արցախի հարցով. Հայ դատի գրասենյակի ղեկավար

«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող քաղաքացիների նկատմամբ և նրանց բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տալ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», - Մամեդյարովի խոսքն է մեջբերում մամուլի ծառայությունը ։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության հարցում առաջխաղացումը «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության պայմաններ ստեղծելով, առաջին հերթին տնտեսական աճի հնարավորություն կտա Հայաստանին»։

«Ցավոք, տարիներ շարունակ ընթացող բանակցություններն արդյունք չեն տվել։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցները Դուշամբեում ու Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ գագաթնաժողովների ընթացքում, ինչպես նաև իմ հայ գործընկերոջ հետ երեք հանդիպումները, բանակցային գործընթացի առաջխաղացման տեսակետից լավատես լինելու հիմքեր են տալիս», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։