Մի՛ ընդունեք. Երևանի հաջորդ տարվա բյուջեն դժգոհությունների առիթ է տվել

Երևանի ավագանին կտա վերջնական պատասխանը` ընդունել, թե չընդունել մայրաքաղաքի նոր իշխանությունների ներկայացրած առաջին բյուջեի նախագիծը, որը լուրջ քննադատությունների առիթ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու վաղվա նիստի օրակարգում մայրաքաղաքի 2019թ.-ի բյուջեի նախագծի հաստատման հարցն է: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը բյուջեի նախագծին ծանոթանալուց հետո ավագանու անդամներին կոչ է անում դեմ քվեարկել: Պատճառը անարդյունավետ ու չփաստարկված ծախսերն են:

Որտեղ են «լողում» քաղաքապետարանի աշխատակիցները, կամ բյուջեի որ կետի վրա է «ուղեղը պայթում»

«Ասում են՝ առողջապահության փողն ավելացրել ենք, առողջապահության հատկացման մեջ գրված է՝ սննդի մատակարարում, որը նոր տող է՝ 100 մլն դրամ: Դա ի՞նչ փող է։ Փարքինգների համար գումարը 250 մլն–ով ավելացրած է: «Փարքինգ Սիթի Սերվիսի» մասը թողնված է նույնը, բայց փարքինգի տողի մասում գրված է` «250 մլն դրամ` ավտոկայանատեղիների արդիական համակարգի ստեղծմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման համար»։ Այդ ի՞նչ ավտոկայանատեղիների միջոցառում է, ի՞նչ 250 մլն է։ Հաջորդ հետաքրքիր տողը` 570 մլն` «աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին, նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին։ Ուղերձի մեջ բան չկա»,–թվարկեց Պիպոյանն ու խոսքն ուղղեց Երևանի ավագանու անդամներին,– «Մի՛ ընդունեք այս բյուջեն»։

Բացի թվարկածներից Պիպոյանն ուշադրություն է հրավիրում նաև քաղաքապետարանի աշխատողների վերապատրաստման ծրագրերի ֆինանսավորման շուրջ 30.5 անգամ ավելացած գումարին։

Նրա խոսքով` այդ նպատակով հատկացվող գումարն անցնող տարվա 5.2մլն դրամից հաջորդ տարի հասել է 169 մլն–ի։ 3 անգամ ավելացել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներին տրվող պարգևավճարների գումարները։ Այն դեպքում, երբ նրանք առանց այդ էլ վերջին տարիներին օգտվել են թե՛ պարգևավճարներից, թե՛ տարեվերջին տրամադրվող, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձից։

Պարող էլֆեր, հեքիաթային հրավառություն և փայլփլուն տոնածառ․ տոնը մտավ Երևան

Բայց եթե նախորդ տարիներին պարգևատրումները հաշվարկված էին աշխատավարձի 14,5 %-ի չափով, 2019-ի համար նախատեսվում է կրկնակից ավելի` 38,2 %։

Արտասահմանյան գործուղումների ֆինանսավորումն էլ նախորդ տարվա 62.7 մլն դրամից հասցվել է 112.7 մլն–ի:

Փոխարենը, Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ, զգալիորեն կրճատվել է կանաչապատման, վերելակների արդիականացման ու վերանորոգման ծախսերի հատկացումները։

Վերջինի համար 2019-ին նախատեսվել է 30 779 000 դրամ, ինչը 2018թ.–ին հատկացված գումարից շուրջ 78 մլն դրամով պակաս է։

Երևանի 2019թ.–ի բյուջեի նախագիծը հրապարկված է E-draft.am հարթակում. այն արդեն հասցրել է արժանանալ քննադատությունների։

Մայրաքաղաքի հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կքննարկվի Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստում։