Բերդի սպանությունների դեպքով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Բերդի քննչական բաժնում հարուցվել է գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեի Բերդի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքի երկու բնակիչների սպանության դեպքի հանգամանքները:

Սարսափելի սպանություն Տավուշում. մոր և որդու պարանոցները կտրված են

ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: