Հարցը մեռյալ կետից կշարժվի. Նիկոլ Փաշինյանը գրել է զինվորականների վարկերի մասին

Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինվորականների` նախկինում վերցրած վարկերը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ»,– գրել է նա:

Ըստ Փաշինյանի` առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:

«Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի»,– ընդգծել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ իրենք առաջիկայում կարևոր որոշումներ կկայացնեն նաև գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով: