Կրակոցներ Երևանում. տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի վայրում հայտնաբերվել է 20 հատ կրակված պարկուճ, ՊՊԾ ոստիկանները տաք հետքերով զինաթափել են կրակողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Նոր-Նորքի բաժինը ժամը 22:30-ի սահմանում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կրակոցներ Երևանում. օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել են 26-ամյա երիտասարդի դեմքին

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 20 կրակված պարկուճ՝ ճանապարհի մի քանի տեղում թափված:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերել են կրակված հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածները, որոնք հրաժարվել են խոսել տեսախցիկի առաջ, ասել են. «Ինչ– որ տան խնդիր է, և թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա»:

Ոստիկանները ոչ միայն վնասազերծել են, այլ նաև նրանից խլել են զենքը:

Փաստի առթիվ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և կրակողի ինքնությունը: