ԱՄՆ–ն Հայաստանի վրա ճնշում է գործադրելու Արցախի հարցով. Հայ դատի գրասենյակի ղեկավար

Մանոյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է հրաժարվի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման պահանջներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Վաշինգտոնը շուտով կսկսի Հայաստանի վրա ճնշում գործադրել Արցախի հարցով զիջումներ անելու հարցով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

Նրա խոսքով` Հայաստանի ներքին զարգացումները թույլ տվեցին Ադրբեջանի հետ այլ կերպ բանակցել։

«Հայաստանն արդեն չի խոսում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մասին, քանի որ երկրի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել է հրադադարի ռեժիմի խախտումները նվազեցնելու մասին», – ասաց Մանոյանը։

Նրա խոսքով` հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը պետք է ուժեղացվեր սարքավորումների տեղադրման և ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ճանապարհով։

Ըստ Մանոյանի` Ադրբեջանն ապագայում կարող է մեծացնել հրադադարի ռեժիմի խախտումների հաճախականությունը, նույնիսկ կարող է փորձել ապրիլյան դեպքերի նման քայլեր ձեռնարկել։

«Այդ դեպքում վերահսկողությունը շատ թույլ կլինի, դժվար կլինի հասկանալ, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը», – նշեց Մանոյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի վրա մոտ ապագայում կսկսեն ճնշումներ գործադրել, մասնավորապես` ԱՄՆ–ն։ Երևանից զիջումներ կպահանջեն Արցախի հարցով։

«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

«Դա չի նշանակում, որ Հայաստանը տեղի կտա այդ ճնշումներին, բայց ճնշումներ կլինեն», – ասաց Մանոյանը։

Նրա կարծիքով` առանց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, անմիջապես հակամարտության լուծմանն անցում կատարելը Հայաստանի համար վտանգավոր է։

Նշենք, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հանդիպումների ժամանակ բանակցային սեղանին դրված էին մեխանիզմներ, որոնք նպաստում էին շփման գծում լարվածության նվազմանն ու ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննությանը։

Սեպտեմբերի 28-ին Փաշինյանը հայտնեց, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ նրա հետ պայմանավորվել է խաղաղություն պահպանել սահմանին, ինչպես նաև հավատարիմ մնալ երկխոսությանն ու բանակցություններին։