ԱՄՆ զորքի դուրսբերումը թույլ կտա Թուրքիային ներխուժել Սիրիայի հայաբնակ շրջաններ. Մանոյան

Սիրիայի հյուսիս–արևելքում մի քանի հազար հայ է բնակվում։ Հենց նրանց անվտանգությունն է մտահոգում Հայ դատի գրասենյակի ղեկավարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկյան զորքի դուրսբերումը վտանգավոր է, քանի որ Թուրքիան կարող է ներխուժել Սիրիայի հայաբնակ շրջաններ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Որտե՞ղ կարող է բռնկվել 3-րդ աշխարհամարտը․ երեք թեժ կետերն ըստ National Interest-ի

«Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո քրդերի վերահսկողության տակ գտնվող և գերազանցապես հայերով բնակեցված Սիրիայի շրջաններ ներխուժելու հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար», – ասաց Մանոյանը։

Սիրիայի հյուսիս–արևելքում (մասնավորապես` Քամիշլի քաղաքում) հայ բնակչությունը մոտավորապես մի քանի հազարի է հասնում։

Տարբեր տվյալներով` զորքը Սիրիայից դուրս բերելու որոշումն ԱՄՆ նախագահն ընդունել է Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Մանոյանը նշում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է համոզել Դոնալդ Թրամփին։

«Բնականաբար, մեզ դա մտահոգում է, քանի որ այնտեղ հայ բնակչություն կա։ Երկրորդը` այդ տարածքն այդքան էլ հեռու չէ մեր սահմաններից, ընդամենը` 300-350 կմ», – նշեց Մանոյանը։

Այդպիսով, Թուրքիայի գործողությունները կարող են ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։

Դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց Սիրիայում «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) զինյալների նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Դրանից հետո հայտարարվեց, որ նախագահի որոշման համաձայն` ամերիկյան զորքը դուրս կբերվի Սիրիայի հյուսիսարևելյան շրջանից։