ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու 180 փողոցներից 33-ը միաժամանակ կքանդվեն: Շատերին միայն այդ ծրագիրն արդեն «սարսափեցնող» է թվում: 2018 թվականին քաղաքում իրականացված փողոցաշինական աշխատանքները շատ գյումրեցիների կյանքը քաոսի վերածեցին, սակայն այդ քաոսի արդյունքում հիմնանորոգվեց շուրջ 12 կմ ճանապարհ, երկու հրապարակ:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տրամադրած վարկի միջոցներով 2019 թվականին ևս աշխատանքներ կկտարվեն, սակայն այս անգամ Գյումրու քաղաքապետը կփորձի ապահովագրել իրեն բողոքներից: Այս մասին լրագրողների հետ ունեցած տարեվերջյան ամփոփ հանդիպման ժամանակ նշեց Սամվել Բալասանյանը:
2019 թվականին, բնակիչների բողոքներից ապահովագրվելու համար, Գյումրու քաղաքապետարանը որոշել է՝ կհիմնանորոգվեն այն փողոցները, որոնց բնակիչները կհամաձայնեն անհարմարություններին դիմանալ: «Եթե բնակիչները չցանկացան, այդ փողոցի փոխարեն այլ փողոց կհիմնանորոգվի, Գյումրիում ընդհանուր 180 փողոց կա ՝ 220 կմ ճանապարհ, այնպես, որ թե այդ 33 նորոգվողները որոնք կլինեն՝ կապված է բնակիչներից»: Պատվիրատուն՝ Գյումրու քաղաքապետարանն արդեն պատվերը տվել է, իսկ ֆինանսավորող՝ Եվրոպայի Զարգացման և վերակառուցման բանկը հաստատել, մնում է միայն գյումրեցիների ներողամտությունը: Իսկ ընթացիկ տարի Գյումրիում ստեղծված իրավիճակն ու անհարմարությունը թերի նախագծերի ու շինարարի պատճառով էր ՝ փաստում է քաղաքապետը:
Լրագրողների այն հացին թե հնարավոր չէ մաս-մաս քանդել փողոցները, Սամվել Բալասանյանը փաստեց՝ «ճիշտ է միանգամից քանդելն ու սարքելը: Եթե 2 կամ 3 փողոց քանդենք ու սարքենք 40 տարի կտևի: Հարգելի գյումրեցիներ, եթե չեք ուզում՝ չենք սարքի ձեր փողոցը: Թաղամասի բնակիչներով հրաժարվելու դիմում ներկայացրեք, մենք էլ ձեր փողոցի փոխարեն այլ փողոց կհիմնանորոգենք»,-վստահեցնում է քաղաքապետը:
Անդրադառնալով տնակների խնդրին՝ քաղաքապետը փաստեց, որ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականով աշխատանքային միջգերատեսչական խումբ է ստեղծվել, որը տնակներն ու անօթևան ընտանիքներին նորից է հաշվառելու: Վերջնական թվային տվյալներ ունենալու համար ժամկետ է սահմանվել մինչև 2019թ. հունիսի 30-ը: «Քաղաքում այս պահին կա 2854 տնակ: Այս տնակներից 450 բնակեցված չէ, 300 արդեն քարապատվել է: Այս ամենը ևս մեկ անգամ կուսումնասիրվի ու կներկայացվի ՀՀ կառավարությանը՝ հիմնավորումներով»:
Գյումրու քաղաքապետը նաև անդրադարձավ սպասվող ներդրումային ծրագրերին. Գյումրին լոջիստիկ կենտրոն դարձնելու ծրագիրը ընթացքի մեջ է: Առաջիկայում Սամվել Բալասանյանը խոստանում է՝ առաջընթացի մասին լրագրողներին ներկայացնելու բան կունենա, իսկ ամենաուրախալին այն է, որ «Տարոն ավիան» խոստացել է, որ հետ է վերադառնալու, ավելին՝ Գյումրի- Լոս-Անջելոս չվերթով, թեև սա դեռ «գաղտնիք» է, բայց Գյումրու քաղաքապետը գյումրեցի լրագրողների համար բացեց այդ գաղտնիքը:
2019 թվականին նախատեսվում է նաև բարերարների օգնությամբ վերականգնել «Բարեկամության» այգին և Գյումրու շուկան: