Ռուսաստանի հանքահորերից մեկը ծխով է պատվել, գետնի տակ մարդիկ են մնացել․ տեսանյութ

Քննիչները հարցաքննում են ականատեսներին ու փորձում են պարզել Սոլիկամսկի հանքահորում տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Պերմի երկրամասում գտնվող հանքահորում տեղի ունեցած դեպքից հետո քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ դեկտեմբերի 22-ին մոսկովյան ժամանակով 10:04 «Ուրալկալի» հանքահորում ծուխ է լցվել։ Ութ մարդու կարողացել են դուրս բերել ծխապատ հանքահորից։ Գետնի տակ մնացած մարդկանց հետ կապ չկա։

«Ուրալկալի» ընկերության տվյալների համաձայն՝ հիմա ծխապատ գոտում 9 մարդ կա։

Համացանցում արդեն կադրեր են հայտնվել դեպքի վայրից։

Քանի որ Քննչական կոմիտեն «բավարար հիմքեր ուներ ենթադրելու, որ ծխապատ գոտում մնացածները մահացել են», այդ փաստով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 216 հոդվածի 3 մասի հատկանիշներով (լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում, որի հետևանքով երկու կամ ավելի մարդ է մահացել)։