ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Թամրազյանների ընտանիքը, որը փորձելով խուսափել արտաքսումից՝ հոկտեմբերից ի վեր ապրում է Հաագայի եկեղեցում, կացության իրավունք չի ստանա։ Այս մասին հայտնում է Nu.nl կայքը։
Արդեն ավելի քան 1 ամիս Թամրազյանների ընտանիքը` ամուսինը, կինն ու երեք երեխաները, ապաստան են գտել Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկում։ Եկեղեցին հայ ընտանիքին աջակցելու համար հոկտեմբերի 26-ից առ այսօր անդադար պատարագ է մատուցում, որպեսզի խոչընդոտի իրավապահների մուտքը եկեղեցի։ Բանն այն է, որ Նիդեռլանդների օրենքներով` ոստիկանությունը չի կարող ժամերգությունների ընթացքում եկեղեցի մտնել։
Եկեղեցու խոսնակը պատմել է, որ Նիդեռլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը ընտանիքին ասել է, որ չի օգտագործի իր հայեցողությամբ բնակության թույլտվություն շնորհելու լիազորությունը։
Եկեղեցում ասել են, որ շարունակելու են շուրջօրյա եկեղեցական ծառայություններ մատուցել, և ոստիկանությունը չի կարող մուտք գործել և տանել ընտանիքին։
Եկեղեցու շուրջօրյա սպասարկումն իրականացնելու համար 650 կամավորներ են ներգրավվել։