ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 22-ին, Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ –ի կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը վարչապետի պաշտոնակատարին հայտնել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, և արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթևության և ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ-ում։
Գործարանի աշխատանքի նախնական փուլում, նրանց խոսքով, օրական կարտադրվի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոն։
Առաջին արտադրանքը նախատեսվում է փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, մնացածն արտահանել Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Սաուդյան Արաբիա և այլ երկրներ։
Ընկերության ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել զարգացման ծրագրերը, որոնց համաձայն` Վանաձորում նախատեսում են հիմնել կարբոնի մանրաթելի արտադրության և իրանական SAIPA Group ավտոմոբիլային կոնցեռնի թեթև մարդատար ավտոմեքենաների հավաքման գործարաններ։
Գործարարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Իրանից ներկրված պահեստամասերով Հայաստանում հավաքված ավտոմեքենայի ցուցանմուշը:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ընկերության ընդլայնման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ներդրումային նախաձեռնությունները կյանքի կոչելուն։