Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ`ինչու է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաները համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել: Այսօր` դեկտեմբերի 22-ին, Վանաձորում, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ, և որ բողոքի ակցիա իրականացնելը նրանց իրավունքն է:

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պատասխանը

Հիշեցնենք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ` դեկտեմբերի 21-ին, բավարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը` նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինելով 25 միլիոն դրամ գրավով ու ազատ արձակել դատարանի դահլիճից։

Այս տեղեկությունը ստանալուց հետո Մանվել Գրիգորյանի բնակավայրում` Էջմիածին քաղաքում, բողոքի ակցիաներ էին սկսվել։ Քաղաքացիները փակել էին Էջմիածին մտնող ճանապարհը` նրա մուտքը քաղաք թույլ չտալու համար։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն 2018թ–ի հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանը երեք անգամ երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը: