Հայաստանը չի մերժել Բելառուսի թեկնածուին. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության մասին իր տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին չի մերժել։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք համարում (Զասի հետ հանդիպումը. խմբ), քննարկումները շարունակվում են»,– նշեց նա` արձագանքելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի հանդիպել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ:

«Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։ Դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնն ու կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն ու ճշգրտումն է և այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը,– ասաց նա,–գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին ՝ այդ շրջապտույտը անընդհատ կկրկնվի»:

Փաշինյանը նշեց, որ գոհ է այս ընթացքում տեղի ունեցած և դեռ նախատեսվող անկեղծ ու բաց քննարկումներից, որոնք ՀԱՊԿ-ում երբեք չեն եղել:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի կոնսենսուսով. Երևանի հիշեցումը Լուկաշենկոյին

Հիշեցնենք` այսօր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես ստորագրել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։

Դեկտեմբերի 6–ին Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ, և տեղեկացրել էր, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։