ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Երբ մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ, շատ վատ ազդակ է։ Այսօր, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով պետական համակարգում կառավարության հայտարարած կրճատումների դեմ մշակույթի նախարարության աշխատակիցների կազմակերպած գործադուլին։
«Նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է. մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզում եք` փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,-ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ մշակույթի նախարարությունը չի լուծարվելու, այլ կազմակերպական այլ կառուցվածքով է աշխատելու: Ինչ վերաբերում է պետական համակարգում անհրաժեշտ կրճատումներին, նրա խոսքով, եթե աշխարհում 9-11 աշխատողին բաժին է ընկնում մեկ ղեկավար, ապա Հայաստանում` 3,5։
«Այսինքն, մեր կառավարման համակարգում բոլորը նախարարներ են, պետեր, վարչության պետեր, բաժնի պետեր, պետերի տեղակալներ, աշխատող ավելի քիչ կա, քան ղեկավարություն»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք` ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների ղեկավարությունը դեկտեմբերի 20-ին նախարարության աշխատակազմի ժողովում հայտարարեցին սպասվող կրճատումների մասին` նշելով, որ որոշ աշխատակիցներ 2019թ–ի հունվարի 1-ից կարող են աշխատանքի չգալ։ Դրա հետևանքով նախարարությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ հայտարարեցին ու բողոքի ակցիա կազմակերպեցին` ընդդեմ կառավարության այդ ծրագրի։
Ավելի վաղ` դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի և 17-ից դառնա 12-ը։