Մանվել Գրիգորյանն իր առանձնատանն է. Օսիպյան

Կալանքից ազատված գեներալի առանձնատունը հսկում են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճում գտնվող իր առանձնատանը։ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Էջմիածին- Երեւան ճանապարհը փակած ցուցարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Տեղեկացված եմ, որ Մանվել Գրիգորյանն Ակնալճի իր առանձնատանն է։ Մենք օրենքի կողմն ենք, մենք պահպանում ենք օրենքը, և դրանով է պայմանավորված, որ առանձնատան մոտ 24–ժամյա հսկողություն ենք իրականացնում»,– ասել է Օսիպյանը։

Հիշեցնենք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ` դեկտեմբերի 21-ին, բավարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը` նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինելով 25 միլիոն դրամ գրավով ու ազատ արձակել դատարանի դահլիճից։

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ`ինչու է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը

Այս տեղեկությունը ստանալուց հետո Մանվել Գրիգորյանի բնակավայրում` Էջմիածին քաղաքում, բողոքի ակցիաներ էին սկսվել։ Քաղաքացիները փակել էին Էջմիածին մտնող ճանապարհը` նրա մուտքը քաղաք թույլ չտալու համար։

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն 2018թ–ի հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանը երեք անգամ երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը: