ՌԱԴԻՈ

Ալումյան. «Կային տվյալներ, որ Հատուկ գնդի 80 տոկոսը կարող էր միանալ ցուցարարներին»

Մարտի 1-ի 0038 հրամանը նախաքննական մարմնի որոշմամբ գաղտնազերծման ենթակա չէ, բայց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հետաքրքիր տեղեկություններ է հայտնել դրա մասին։
Sputnik
Ալումյան. «Կային տվյալներ, որ Հատուկ գնդի 80 տոկոսը կարող էր միանալ ցուցարարներին»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է, թե ինչ նպատակ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված 0038 հրամանը։

«Կային տվյալներ, որ պաշտպանության երկու փոխնախարարները բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, կար գործող զինվորական դատախազ, որը ցույց է անում պարոն Տեր–Պետրոսյանի հետ Ազատության հրապարակում։ Գիշեր–ցերեկ ընթանում էին ԵԿՄ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ քննարկումներ` ցուցարարներին միանալու հարցով, և Մանվել Գրիգորյանն արդեն հայտարարել էր, որ ցուցարարների հետ է։ Ստացվում էին օպերատիվ տվյալներ, որ որոշ զորամասերում արդեն աշխատանքներ են տարվում անձնակազմի հետ` ցուցարարներին միանալու հարցով։ Կային տվյալներ, որ Հատուկ գնդի 80 տոկոսը կարող էր միանալ ցուցարարներին»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված հայտնի 0038 հրամանը ուղիղ կապ ուներ հենց այդ օպերատիվ տեղեկությունների հետ և հնարավոր արյունահեղ զարգացումները կանխելու նպատակ ուներ։