«Սանիթեքի» տեխնիկան ձնամաքրման համար բավարար չէ. լրացուցիչ ուժեր կներգրավվեն

Քաղաքապետի պնդմամբ՝ այս տարվա ձնամաքրման աշխատանքներում կարգ ու կանոն կլինի ու կբացառվեն ընտրովի ձնամաքրման աշխատանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Սանիթեքի» տեխնիկան մայրաքաղաքի ձնամաքրման համար բավարար չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տոներից հետո կխստացվի ապօրինի առևտրի վերահսկողությունը

Ըստ  քաղաքապետի՝ ամեն ինչ արվում է մայրաքաղաքում աղբահանության և ձնամաքրման մասով իրավիճակը շտկելու համար:

«Մենք բազմիցս այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, իրենց տեխնիկան ենք ստուգել: Մենք բանակցել ենք տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք իրենց տեխնիկան, որը չի օգտագործվում ձմռանը, վարձակալությամբ տրամադրեն: Ունենալով տեխնիկայի այս ամբողջ քանակը՝ մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,-ասաց նա:

Մարությանը հիշեցրեց, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների համար պատասխանատու է միայն «Սանիթեքը», բայց քանի որ քաղաքը բոլորինն է, ներգրավելու են հնարավոր այլ ուժեր:

Քաղաքապետի պնդմամբ՝ այս տարվա ձնամաքրման աշխատանքներում կարգ ու կանոն կլինի ու կբացառվեն ընտրովի ձնամաքրման աշխատանքները: