ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի կոնսենսուսով. Երևանի հիշեցումը Լուկաշենկոյին

Յուրի Խաչատուրովին ՀԱՊկ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո այդ պաշտոնը մինչև 2020 թվականն ամրագրված է Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի կոնսենսուսով։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` արձագանքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօրվա որոշմանը։

Որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կողմից. Զայնետդինով

Բելառուսի նախագահն այսօր ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։