Վայոց Ձորում բեզոարյան այծի ապօրինի որսագողին սպառնում է խոշոր տուգանք

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ որսագողին սպառնում է 3 մլն դրամի տուգանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզի որսագողության դեպքը բացահայտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում։

Հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից` տեղեկացնելով, որ ավտոկայանատեղում կատարված մեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է մորթված և մաշկված մեկ բեզոարյան այծ։

Hummer մակնիշի ավտոմեքենայով անձինք բեզոարյան այծ են որսացել Վայոց Ձորում

Կատարված հարցաքննությամբ պարզվել է, որ կենդանուն ապօրինի որսացել է Արարատի մարզի բնակիչ Վ․ Ասատրյանն` իր անձնական զենքով:

Որսը կատարվել է Վայոց ձոր մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգիների հարակից տարածքում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հաշվարկվել է` բնությանը պատճառվել է 3 մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը բեզոարյան այծի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 3 մլն. դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական կայքերում տեղեկություններ են տարածվում Վայոց ձորի մարզում բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի վերաբերյալ։