Պետական համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Աշոտյանը`կրճատումների մասին

Նախկին ԿԳՆ նախարարը նշում է, որ ԿԳՆ-ն առանց այն էլ մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման խնդրին ու բացատրել, թե ինչու է այդ քայլը սխալ։

Նախկին  ԿԳՆ նախարարը նշում է, որ ԿԳՆ-ն մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից:

Կապրենք, կտեսնենք. կուլտուրական մարդիկ պատրաստ են փչացնել Փաշինյանի Նոր տարին

«Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի:

Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահ այն է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել»,–գրել է Աշոտյանն ու անդրադարձել Սփյուռքի նախարարության ստեղծման հիմքերին։

Նրա խոսքով` Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին և 2-րդ` դա լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները:

«Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ»,–կարծում է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12–ի, և այդ հարցն արդեն քննարկվում է։Այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների մի շարք աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել և իրենց պահանջներով նամակն ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։