Երևանի կենտրոնի խցանման «հեղինակը» Երևանի քաղաքապետարանն է

Երևանի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների խցանումների հեղինակը Երևանի քաղաքապետարանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը` Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում երթևեկությունը դադարեցնելու հարցով։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում խցանումների խնդրին, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ավելի քան երկու տասնյակ ճանապարհային ոստիկանները

Հարցին, թե հնարավոր է` խցանումները վերացնելու նպատակով փակ փողոցները դարձյալ որոշվի բացել, ոստիկանապետը պատասխանեց. «Կքննարկենք քաղաքապետարանի հետ, իրենք են նախաձեռնողը, ըստ այդմ`որոշում կկայացվի»։

Իսկ խցանումները, Վալերիյ Օսիպյանի խոսքով, արտառոց չեն։ Ամեն տարի Ամանորից առաջ այդ խնդիրը լինում է։

«Քաղաքացիները բոլորը տնից դուրս են գալիս, առևտուր են անում, մեքենաներն են շատանում, մարզերից են գալիս Երևանի կենտրոնական հատված։ Ամեն ինչը կապված է նախատոնական առևտրի հետ»,– ասաց նա` հավելելով, որ այսօր արդեն փողոցներում հերթապահող ոստիկանների թիվն ավելացվել է, իսկ դեկտեմբերի 22-ից ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով։

Այդ ռեժիմը կպահպանվի մինչև հունվարի առաջին շաբաթը, երբ ոստիկանապետը հատուկ կարգադրություն կանի աշխատանքային սովորական ռեժիմի անցնելու։