ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Մինչև գող լինելը նրանք մարդ են, օգտվում են սահմանադրական բոլոր իրավունքներից և ունեն պարտականություններ։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով քրեական հեղինակությունների` Հայաստան այցելելու մասին տեղեկություններին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` չհերքելով, որ նման այց, իրոք, եղել է։
Ավելին, ոստիկանության պետը տեղյակ է, թե ինչ նպատակով են նրանք այցելել Հայաստան։
«Հարազատներով այցելել են մեկի հանգուցյալ եղբոր գերեզմանատուն, այնուհետև գնացել են նշելու։ Ոստիկանությունը տեղյակ է, նախապես է տեղյակ եղել և օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ է տարել այդ առումով։ Ե՛վ դուք, և՛ մեր հասարակությունը, խնդրում եմ, վստահ եղեք, որ ոստիկանությունը տիրապետում է ամեն մի չնչին տեղաշարժին»,– ասաց Օսիպյանը` հավելելով, որ խոսքը քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի մասին է։
Ինչ վերաբերում է լուրերին, թե քրեական աշխարհում հայտնի դեմքերին ՀՀ–ում ոստիկանները հատուկ ուղեկցել ու նրանց համար անվտանգության պայմաններ են ապահովել, ոստիկանապետը հերքեց դրանք։
«Կրիմինալը երբևիցե չի եղել այսպիսի վերահսկողության տակ, ինչպես այսօր»,– ասաց նա։
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն` քրեական հեղինակությունները Հայաստան են ժամանել Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին։
Արմեն Կանևսկոյի եղբայրը`Արտյոմ Կանևսկոյը, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ս.թ. հոկտեմբերի 17-ին` 20 մլն դրամ գրավի դիմաց։ Նրան կալանավորել էին պաշտոնատար անձին անձնագիր կեղծելուն դրդելու մեղադրանքով։