ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն` հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Ռուսական գազի գնի հետ կապված տեղեկացնում ենք հետևյալը. այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վահան Հունանյանը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որում նշված է, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:
Հիշեցնենք` «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։
Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։