Ինչպես է Միհրան Հարությունյանը հաղթանակը նվիրում Ազնավուրին. տեսանյութ

Հայտնի մարզիկը հրապարակել է իր ելույթի տեսանյութն ու հուզիչ տողեր գրել Ազնավուրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հանրահայտ մարզիկ Միհրան Հարությունյանն Instagram–ի իր էջում հրապարակել է իր վերջին հաղթանակին հաջորդած ելույթը, որը նվիրված է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Հարությունյանը Ռուսաստանի Սամարա քաղաքում անցկացված «Битва на Волге» մրցաշարում հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին:

«Սամարայում տոնած հաղթանակը նվիրվեց մեծ Հային` Շառլ Ազնավուրին։ Այս հաղթանակը Մաեստրոյի հիշատակին էր, ով կարողացավ արժանանալ ամբողջ աշխարհի սիրուն, ինչպես նաև դարձավ ամեն հայի ոգեշնչող։ Եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք աշխատասիրությամբ, համառությամբ և սրտանց մոտենալ մեր գործին, ապա կամաց-կամաց կմոտենանք մեր մեծ Պապիկին։ Ես կփորձեմ հնարավորինս աշխատել, որ Մաեստրոն երկնքից տեսնի և հպարտանա, որ մենք չենք իջեցնում իր սահմանած հայի նշաձողը»,– տեսանյութին կից գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում: Այդ անգամ նա հաղթել էի իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել է 2016թ.-ից՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում միայն խայտառակ կողմնակալ մրցավարությունն էր, որ պատճառ դարձավ նրա պարտության: 29-ամյա մարզիկի հակառակորդն այդ մենամարտում սերբ Դավոր Շտեֆանեկն էր։