ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում ու կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող կենտրոններում մեծ է հեպատիտ C-ով վարակվելու ռիսկը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով` ռիսկը պայմանավորված է նրանով, որ ըստ գործող կարգի` բուժաշխատողների, մատնահարդարների, ոտնահարդարների, դիմահարդարների և դաջվածքի մասնագետների համար նախատեսված չէ այդ վարակի նկատմամբ հետազոտություն, և հնարավոր չէ նրանց շրջանում բացահայտել հիվանդության առկայությունը։
«Այդ պրոցեդուրաների հետևանքով մենք ունենում ենք 3-4% հիվանդացության մակարդակ»,- ասաց Թորոսյանը։
Ռիսկը նվազեցնելու համար կառավարությունը որոշում կայացրեց տվյալ հաստատությունների աշխատակիցներին տարեկան 1 անգամ հետազոտել որոշ հիվանդությունների նկատմամբ։ Այս հետազոտություններն իրականացնելու համար բյուջեից ու գործատուներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։ Դրանք, նախարարի պաշտոնակատարի խոսքով, կիրականացվեն ի հաշիվ այլ բուժաշխատողների, սննդի արտադրության ոլորտի աշխատակիցների որոշ պարտադիր հետազոտությունների նվազեցման, որոնց անհրաժեշտությունն այլևս չկա։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժշկական զննության ենթակա բուժանձնակազմի թիվը ներկայում կազմում է 30612 մարդ, որից բժիշկներ ու ատամնաբույժներ են 13148-ը, միջին բժշկական անձնակազմը՝ 17464-ը:
Ներկայում գործող որոշման համաձայն` յուրաքանչյուր անձ բժշկական զննությունն անցնում է աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարեկան երկու անգամ, որի գումարը կազմում է միջինը 16,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր զննությունը` 8000 ՀՀ դրամ):
Բժշկական կազմակերպությունների բժշկական զննությունների համար տարեկան ծախսը կազմում է 489.792.000 ՀՀ դրամ։