Երևանում երիտասարդ կինը յուրացրել է հաճախորդների գումարները

Տուրիստական գործակալության նախկին գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանի փոխոստիկանապետի բնակարանը թալանել են. ԶԼՄ

Նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989 թվականին, 2013 թվականից հանդիսացել է «Համար մեկ տուրիստական գործակալություն» ՍՊ ընկերության հիմնադիրը և գործադիր տնօրենը, իսկ 2016 թվականից մեկ այլ ՍՊ ընկերությունում աշխատել է՝ որպես արտագնա տուրիզմի մենեջեր:

Փաստական տվյալներ կան, որ 2015թ. դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում 29-ամյա կինը խարդախության, յուրացման եղանակով նշված ընկերությունների հաճախորդներից մաս-մաս ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր ընկերություններին պատճառել խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև՝ պատրաստել և իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող մուտքի կեղծ արտոնագրեր և համապատասխան բանկային հաշվին գումարի փոխանցման վերաբերյալ վճարման կեղծ փաստաթղթեր: Քրեական գործով տուժող է ճանաչվել 12 անձ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են առերևույթ կատարված հանցագործությունների հանգամանքները, մեխանիզմը:

Լոռիում թանգարանի տնօրենն ավելի քան 7 միլիոն դրամ է յուրացրել. տեսանյութ

Երևանի 29-ամյա բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը՝ շուրջ 14 079 680 ՀՀ դրամ, վերականգնելու համար գործակալության տնօրենին պատկանող անշարժ գույքի վրա արգելանք է դրվել:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: