Հայաստանում բժիշկները կբուժվեն անվճար

Բժիշկները բժշկական ապահովագրություն կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 15 000 բժիշկներ հաջորդ տարի պետական ապահովագրությունից օգտվելու իրավունք կստանան։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով` Երևանի ու մարզերի պոլիկլինիկաների շուրջ 15 000 բուժաշխատողներ իրավունք կունենան օգտվելու այն սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները։ Միակ բացառությունը բժիշկների դեպքում լինելու է ամենամյա պարտադիր բժշկական հետազոտության պահանջը, որն այսօր սոցփաթեթից օգտվողների համար պարտադիր է։

«Սրանով մենք լուծում ենք այն հայտնի ասացվածքի անարդարությունը, որ վարորդը վերջում ոտքով է տուն գնում»,- մեկնաբանելով որոշումը՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ հիմա առողջապահական ապահովագրությունից օգտվում է շուրջ 100 000 քաղաքացի։ Որոշման ընդունմամբ հաջորդ տարի նրանց թիվը կգերազանցի 115 000 -ը։