Փաշինյանի կինը մանրամասն գրել է` որքան է արժեցել Շվեյցարիա կատարած այցը

Աննա Հակոբյանը գրել է այցի համար ծախսված և նույն այցի արդյունքում հավաքված գումարների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իր այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանություններն ու լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով է նա այցելել Ժնև, հարկ է համարել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին:

Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` հաշվետվությունը ներկայացնելով 4 կետով։

Առաջին կետում նա գրել է, թե ինչպես է ծնվել այցի գաղափարը։

«Ժնև այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ: Նման այց կատարելու առաջարկ ինձ ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը»,– նշել է Հակոբյանը:

Երկրորդ կետում նա անդրադարձել է ծախսերին։

«Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի և մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից»,– գրել է Փաշինյանի կինը:

Երրորդ կետում շարունակել է ծախսերի թեման և նշել, որ հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից և բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ:

Հակոբյանն իր գրառման չորրորդ կետում ընդգծել է այցի արդյունքները:

«Ժնևում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը»,– գրել է նա:

Հակոբյանը նշել է, որ Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ: Ժնևի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել է անչափ ջերմ, սրտամոտ շփումներ։

«Ճանաչել ենք իրար և ձևավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի: Շնորհակալություն ուշադրության համար»,– գրառումը եզրափակել է Փաշինյանի կինը։

Նշենք, որ Աննա Հակոբյանը Շվեյցարիա էր մեկնել դեկտեմբերի 12-ից 17-ը։