Ստավրոպոլում չեզոքացրել են ԻՊ ահաբեկիչներին

Ձերբակալման ժամանակ ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ստավրոպոլում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին, որոնք կրակ են բացել իրավապահների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԴԾ մամուլի ծառայությանը։

Մոսկվայում բացահայտել են ԻՊ օջախ. նրանք ծրագրել են աղմկահարույց ահաբեկչություններ

Նշվում է, որ զինված դիմադրության ժամանակ նրանք չեզոքացվել են։ Զինյալների թիվը չի նշվում։

«Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները չեն տուժել», – ընդգծել են գերատեսչությունից։

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու, ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ապօրինի զենք կրելու մասին։ Այժմ քննություն է ընթանում։

Ավելի վաղ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ 2018 թվականին Ռուսաստանում 65 ահաբեկչի են ոչնչացրել, որոնցից 10-ը խմբի ղեկավարներ են եղել։ Ձերբակալել են 236 շարքային զինյալի և ահաբեկիչների 589 հանցակցի։ Հատուկ ծառայությունների աշխատակիցներն ընդհանուր առմամբ կանխել են 37 խմբավորման գործունեություն, որոնք ահաբեկչություններ են նախապատրաստել Դաղստանում, Ինգուշեթիայում, Չեչնիայում և Ստավրոպոլի երկրամասում։