ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի։ Նա հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին խորհրդական նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական»,–ասված է Փաշինյանի ստորագրած հրամանագրում:
Հիշեցնենք, որ 2016թ–ի ապրիլին պաշտոնից հեռացված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2018 թ.–ի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ։
Վարչապետի պաշտոնակատարի նշանակումն իր արձագանքն է գտել հասարակության շրջանում։ Մասնավորապես «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։
2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ո չմի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։