ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երևանի փողոցներից մեկում հայտնաբերված սատկած թռչունն այսօր ներկայացվել է լաբորատոր փորձաքննության։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Ձեր ակտիվ ջանքերի և տեղեկատվության օպերատիվ փոխանցման արդյունքում այսօր հայտնաբերվել և լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Փորձաքննության արդյունքներն անպայման կհրապարակենք»,– գրել է նա:
Ի դեպ, մինչ այդ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ արձագանքելով սոցիալական կայքերում թռչունների անկման մասին տեղեկություններին, այցելել են օպերայի ու Սևանի փողոցի հարակից տարածքներ, բայց սատկած թռչուն չեն հայտնաբերել:
Նշենք, որ վերոհիշյալ տարածքներում թռչունների սատկելու մասին առաջին ահազանգերը սոցիալական կայքերում հայտնվել էին դեռ դեկտեմբերի 15-16-ին։ Բնապահպաններն իրենց մեկնաբանություններում չեն բացառում, որ դեպքերը պայմանավորված են թռչնագրիպով կամ կենդանական այլ վարակով։
Այլ վարկածների համաձայն` դա կարող է լինել թունավորման կամ ճառագայթման հետևանք։