Մեծ թվով քրեական հեղինակություններ չեն ժամանել Հայաստան. ոստիկանությունը հերքում է

Ոստիկանությունը հիշեցնում է, որ լիովին վերահսկում է իրավիճակն ու լիարժեք իրականացնում օրենքով վերապահված իր գործառույթները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ մեծ թվով քրեական հեղինակություններ չեն ժամանել Հայաստան:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե այս օրերին աշխարհի տարբեր երկրներից մեծ թվով քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան:

Քրեականներ են ժամանել Հայաստան, այդ թվում 10 օրենքով գող. «Հրապարակ»

«Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Քաղաքացիներին հայտնում ենք, որ ոստիկանությունը լիովին վերահսկում է իրավիճակն ու լիարժեք իրականացնում օրենքով վերապահված իր գործառույթները»,–ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը նաև կոչ է արել զանգվածային լրատվության միջոցներին թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Հիշեցնենք նաև, որ թերթի տվյալներով`քրեական հեղինակությունները, որոնց մեջ նաև օրենքով գողեր կան, եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին։