Մակունցը պատրա՞ստ է գլխավորել «Իմ քայլը» խմբակցությունը. նախարարի պաշտոնակատարի պատասխանը

Ազգային ժողովի ընտրությունից հետո խոսակցություններ տարածվեցին, որ նոր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պատրաստ է գլխավորել «Իմ քայլը» խմբակցությունը։ Նա այսօր այս մասին ասաց լրագրողներին «Իմ քայլը» դաշինքի` խորհրդարան անցած ներկայացուցիչների հավաքից առաջ։

«Այո, պատրաստ եմ։ Այո, կարող եմ։ Իհարկե, դժվար է, ընդհանրապես պետական կառավարման համակարգում ամեն ինչն է դժվար։ Ոչ մի հեշտ բան չկա։ Չկա ոլորտ, որը հեշտ լինի։ Ես գիտակցում եմ դա»,– ասաց նա։

Իսկ թե իսկապես Մակունցը կգլխավորի խմբակցությունը, թե ոչ, հայտնի կդառնա դաշինքի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումից հետո։

«Այսօր կիմանանք, թե ինչ կորոշվի։ Առայժմ քաղաքական որոշում չկա»,– ասաց Մակունցը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի։