ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում հավաքարարի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը ձերբակալումից հետո չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման մեջ, որը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Ա.Ռ–ն։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:
«Դեկտեմբերի 10-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցանքը կատարել է 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ-ն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:
Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Մեղադրյալին կալանավորելու մասին ՀՀ դատարանի որոշումն ի կատար է ածվում ՌԴ 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում: ՀՀ ՔԿ քննիչի կողմից կատարվում են նաև մեղադրյալի մասնակցությամբ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը վերապահված է ՀՀ իրավասու մարմինների իրավասությանը և գործով վարույթն իրականացվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, Համաձայնագրի 4-րդ հոդվածի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, սահմանում է. «Ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»:
Ըստ գլխավոր դատախազության` նախաքննությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու, մեղավորների արարքներին պատշաճ իրավական գնահատական տալու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով: