Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել հանդիպումները. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

ԱԳՆ–ից նշեցին, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասացին ՀՀ ԱԳՆ–ից` պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի այսօր արված հայտարարությանը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ կարողացել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնել:

Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունները նվազեցրել են լարվածությունը. միջնորդներ

«Կարծում եմ, որ Միլանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»,- ասել է Մամեդյարովը:

ՀՀ ԱԳՆ–ից հիշեցրել են, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից:

«Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Շարմազանովը Փաշինյանից պահանջում է պատասխանել Ալիևի հայտարարություններին

ԱԳՆ–ից նշեցին, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է այդ հայտարարությանը`ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելել է, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:

«Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»,–ասել էր Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք ,որ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ 2019-ի հունվարին Մնացականյանի հետ նախատեսված հանդիպման ընթացքում կշարունակեն ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ որոնել: