Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում. Փաշինյանը` Կարասինի ասածի մասին

Վարչապետի պաշտոնակատարն առիթի դեպքում հույս ունի ռուս գործընկերներից տեղեկություն ստանալ ԱՄՆ–ի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երևանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, և դա պատերն են տեսնում։ Այսօր Դիլիջանում լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերը։

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ իշխանությունները քաջություն կունենան դիմակայելու ԱՄՆ շանտաժին

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, թե Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն արիություն կգտնի դիմակայելու ԱՄՆ–ի ճնշմանն ու շանտաժին և ինքնուրույն որոշումներ կկայացնի։

«Ինձ մոտ հարց ծագեց, ես անպայման առիթը կօգտագործեմ, որ ռուս գործընկերներից տեղեկություններ ստանամ, թե ինչի վրա է հիմնված նրանց տեղեկությունը։ Ես նախկինում ասել եմ թե՛ հրապարակավ, թե՛ աշխատանքային հանդիպումների ընթացքում, որ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը։ Հայաստանը շարունակելու է այդ քաղաքականությունը։