Ինչո՞ւ են հաճախակի դարձել բանակի միջադեպերի մասին լուրերը. ՊՆ–ն պարզաբանում է տարածել

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է բանակում տեղի ունեցած վերջին դեպքերը։ Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի սկզբից բանակում տեղի ունեցած պատահարները ոչ մի կապ չունեն իրար հետ։

Արտակարգ դեպք ՊՆ զորամասում. 19-ամյա զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի մասում

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել տեղի ունեցած դեպքերի մասին։

Ըստ ՊՆ–ի, վերջին օրերի ընթացքում կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների 2-3-րդ աստիճանի այրվածքներ, մեկը տեղափոխվել է սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վնասվածք, երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ հոսպիտալ է տեղափոխվել ևս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վնասվածքներով։

«Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունը շեշտում է, որ միջադեպերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հանգամանքներում։ Դրանց միջև կապ փնտրելու ու դրանք որպես մեկ պատահարի հետևանք ներկայացնելու փորձերն, ըստ Պաշտպանության նախարարության, սխալ են։