Նարեկ Աբգարյանի հաղթարշավը շարունակվում է

Հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը Կազանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական՝ թվով 12-րդ հաղթանակն է տոնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Իսպանիայում WBO վարկածով արծաթե գոտին նվաճելուց հետո Նարեկ Աբգարյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:

Կազանում այս անգամ մեր բռնցքամարտիկի մրցակիցը ուզբեկ Շահզոդբեկ Շարոբիդինովն էր:

Մենամարտի ընթացքում ուզբեկը փորձեր կատարում էր նախաձեռնությունը խլելու համար, բայց Նարեկ Աբգարյանի արագ ու ճկուն տեղաշարժերը ռինգում, ժամանակին ու արագ կատարված անցումներն ու սուզումները, գումարած դիպուկ հարվածները վճռեցին մենամարտի ելքը:

Հետաքրքիր է, որ հայ բռնցքամարտիկը իր բոլոր մենամարտերում հաղթանակի է հասել միավորներով: Բայց սա ունի նաև բացատրություն:

Նախ` քաշային կարգը և բացի այդ հայ բռնցքամարտիկը ռիսկի չի դիմում, այլ գործում է ըստ մշակված տակտիկայի:

Հավելենք, որ քիչ անց Կազանում ռինգ դուրս կգա նաև Գոռ Երիցյանը, որը WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումն է վիճարկելու ֆիլիպինցի  Ալվին Լագումբայի հետ: