Պարտավորությունները կատարվում են. Ռուսաստանի դեսպանը` Հայաստանին զենք մատակարարելու մասին

Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, իսկ պարտավորություններն իրականացվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երևանն ու Մոսկվան ինտենսիվ երկխոսություն են վարում ռուսական վարկի իրականացման հարցի շուրջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի` 100 մլն ռուսական վարկի իրականացման ընթացքի մասին հարցին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գիտեմ, որ այդ հարցի ուղղությամբ ինտենսիվ երկխոսություն է ընթանում, համագործակցությունը շարունակվում է։ Ստանձնած պարտավորություններն իրականացվում են», – ասաց Կոպիրկինը։

Նա նշեց, որ այդ ոլորտում աշխատելու համար ներգրավված են հայկական և ռուսական համապատասխան կազմակերպությունները։

Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում խոսել է Ռուսաստանից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին

«Մանրամասները չեմ ներկայացնի։ Գաղտնի հարցեր են, այստեղ նաև կոնկրետ ձեռնարկությունների կոմերցիոն շահեր կան։ Ես չեմ կարող դա մեկնաբանել», – նշեց Կոպիրկինը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 100 մլն դոլար ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը ստորագրված են։

Երևանն արդեն երկու անգամ Ռուսաստանից վարկ է ստացել ժամանակակից սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու համար։ 200 մլն դոլարի առաջին համաձայնագրի շրջանակում մատակարարումներն ավարտվել են։ Այս պահին մատակարարումներն իրականացվում են երկրորդ` 100 միլիոնանոց համաձայնագրով։