Թավշյա փոփոխություններ «Ոսկե ծիրանում». հին փառատոնը` նոր դեմքերով

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կշարունակի իր գործունեությունը, սակայն արդեն նոր ղեկավարներով և նոր գաղափարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի հանդիսատեսի դատին կներկայանա նոր ծրագրերով և թարմացված կազմով։

Փառատոնի համահիմնադիրների որոշմամբ` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ընտրող Կարեն Ավետիսյանը ծրագրերի տնօրեն է նշանակվել։ Իսկ Հասմիկ Հովհաննիսյանը դարձել փառատոնի տնօրեն։

Թավշյա փոփոխություններ «Ոսկե ծիրանում». հին փառատոնը` նոր դեմքերով

«Ոսկե ծիրանի» համահիմնադիր Հարություն Խաչատրյանի կարծիքով` «թավշյա» փոփոխությունները փառատոնին անհրաժեշտ էին։

«Փոփոխություններ իրականացնելու և առաջ շարժվելու ժամանակն է։ Մի շարք բնագավառներում և ոլորտներում, և ընդհանրապես երկրում, փոփոխությունների ժամանակն է եկել։ Մենք որոշել ենք քայլել այդ փոփոխություններին համընթաց, համոզված ենք` փառատոնը դրանից չի տուժի և հուսով ենք`ավելի նշանակալի կդառնա», – ասաց Խաչատրյանը։

Հայտնի է` որ ֆիլմը լավագույնը ճանաչվեց «Ոսկե ծիրան» փառատոնում. լուսանկարներ

Նորանշանակ ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն, իր հերթին, մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ «Ոսկե ծիրան» XVI փառատոնի ծրագրում այլևս խաղարկային և վավերագրական կինոյի բաժանում չի լինի։

«Լավագույն միջազգային լիամետրաժ կինոյի միասնական ծրագիր է լինելու, որի հետ մեկտեղ կլինի նաև կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր` Հարավային Կովկասի, Թուրքիայի և Իրանի երկրներից», – ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` փոխվել է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, այժմ այն տարածաշրջանային կդառնա։ Ծրագրում կմրցեն ոչ միայն հայկական արտադրության, այլև ամբողջ տարածաշրջանի ֆիլմերը։ Ծրագրի անվանումը, համապատասխանաբար, կփոխվի։

Ավետիսյանի խոսքով`գաղափարն այն է, որ հայկական ֆիլմերը չմրցեն միմյանց հետ լոկալ սեգմենտում, այլ գնահատվեն ընդհանուր տարածաշրջանային համատեքստում, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի սթափ նայել ժամանակակից հայկական կինոյին։

Թավշյա փոփոխություններ «Ոսկե ծիրանում». հին փառատոնը` նոր դեմքերով

Հասմիկ Հովհաննիսյանի կարծիքով` մի շարք ուղղություններ կան, որոնցով ցանկալի կլիներ զարգացնել փառատոնը։ Առաջնահերթ խնդիրներից մեկը փառատոնի ինտեգրման ընդլայնումն է, ոչ միայն փառատոնի, այլև յուրաքանչյուր ֆիլմի հանրահռչակումը։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» XVI միջազգային կինոփառատոնը Երևանում կանցկացվի հուլիսի 7-14–ը։