Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստան կհասնի սահմանված ժամկետում. դատախազություն

Գլխավոր դատախազությունը զբաղվում է Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանին Հայաստան վերադարձնելու հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, Հայաստան կհասնի սահմանված ժամկետում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով` արտահանձնման համար իրավական ընթացակարգերով նախատեսված է 40-օրյա ժամկետ։

«Այդ ժամկետում Նարեկ Սարգսյանը կլինի Հայաստանում» ,– ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ

Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: