ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի «մեղմ ուժը» կիրառելու գործոնը համալիր, համակարգային հարց է, որն ամենօրյա աշխատանք է պահանջում, և այդ ուղղությամբ մեծ պաշարներ կան։ Այսօր` դեկտեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով` այդ «մեղմ ուժի» հիմքում այն կապերն են, որոնք դարեր շարունակ միավորում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին, շատ սերտ միջմարդկային կապերը, որոնք երկու երկրների միջպետական հարաբերությունների ընդհանուր հիմքն են։
Կոպիրկինը նշեց, որ այսօրվա քայլերը բավարար չեն, պետք է ավելի ակտիվ աշխատել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ–ների հետ։
«Այսօրվա իմ ելույթը այդ ըմբռնման դրսևորումն է», – ասաց դեսպանը։
Հայաստանում գործող դեսպանատունն ու ռուսական կազմակերպությունները տրամադրված են, որ երկկողմ կապերը նոր մակարդակի հասցնեն։
Կոպիրկինի կարծիքով` այդ առումով իր դերն է խաղում նաև Հայաստանի զբոսաշրջության աճող գրավչությունը։ Դա թույլ կտա, որ ավելի մեծ թվով ռուսաստանցիներ ծանոթանան Հայաստանին, իսկ հանրապետությունում զարգանա տնտեսությունը։
Դիվանագետը նշեց, որ դեսպանատունն ավելի ինտենսիվ կիրականացնի երիտասարդական ծրագրերը։