Ռուս ներդրողները սպասման մեջ են. Բաբկոն` Հայաստանի հետ համագործակցության մասին

Ռուսական կողմը հույս ունի Հայաստանի նոր կառավարության հետ զարգացնել տնտեսական համագործակցությունը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին գաղափարը հեռանկարային է, սպասվում է ռուս ռեզիդենտների մասնակցություն, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածություններից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

«Այսօրվա քայլերը բավարար չեն». Կոպիրկինը` Հայաստանում ռուսական «մեղմ ուժ» կիրառելու մասին

Նա նշեց, որ ռուս ներդրողները պատրաստ են մասնակցել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու աշխատանքներին, սակայն գործարարները պետք է հստակ իմանան, թե ինչպիսի ապրանքներ կարելի է իրացնել այդ գոտում։

«Ռուսական հնարավորությունները կախված են Հայաստանի կառավարության` խնդիրների ճիշտ ձևակերպումից։ Մենք հույս ունենք աշխատել նոր կառավարության հետ։ Ներդրողները դեռ սպասման ռեժիմի մեջ են», – ասաց Բաբկոն։

Քննարկելով տնտեսական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հիմնական ուղղությունները` Բաբկոն առանձնացրեց տրանսպորտային նախագծերը։

Նա հիշեցրեց, որ շրջափակումը, որի պայմաններում ապրում է Հայաստանը, արտացոլվում է տրանսպորտային համագործակցության վրա։ Գործում է միայն «Վերին Լարս» հսկիչ անցակետով անցնող ավտոմոբիլային ճանապարհը։ Դրա խափանումները կապված են ոչ միայն բնական կատակլիզմների, այլ նաև բեռնատարների հոսքի հագեցվածության հետ։

Խնդրի լուծման տարբերակներից մեկը երկաթուղու դերի ուժեղացումն է։

«ՀԿԵ–ն միջոցներ է ձեռնարկում դրա համար, մասնավորապես, վարձակալում է և գնում լաստանավեր, որոնք կարող են ծովային ճանապարհով բեռները Ռուսաստանից տեղափոխել Հայաստան և հակառակը», – նշեց Բաբկոն։

Նրա կարծիքով` Հայաստան–Իրան երկաթուղու շինարարությունը նույնպես կնպաստեր տրանսպորտային խնդիրների լուծմանը և թույլ կտար հանրապետությանը դառնալ տարանցիկ երկիր։ Առավել ևս, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: