Ինքնահայտարարագրվեք, քանի ուշ չէ. ՊԵԿ–ը զգուշացնում է շոուբիզնեսի ներկայացուցիչներին

Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և այլ անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, ինքնահայտարարագրել սեփական եկամուտներն ու հարկեր վճարել։

Ինչ պետք է անեին հայ երգիչները, որ 25 տարի չեն արել. հիմա նրանք 2 շաբաթ ժամանակ ունեն

Ընդ որում, այդ ամենն անել սեղմ ժամկետներում, քանի որ հարցը տևական ժամանակ քննարկվել է , և բոլորը տեղյակ են օրենքի պահանջներից։

«Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,– նախազգուշացնում է ՊԵԿ–ը` հավելելով, որ կտրուկ քայլերի փոխարեն առայժմ նախընտրում է ևս մեկ անգամ նախազգուշացնել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ին, ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել:

Նրանց համար ՊԵԿ–ը հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբեր ամսվա վերջը։ Բայց, համաձայն ՊԵԿ նախագահի ավելի ուշ արված մեկնաբանությունների, նրանք առ այսօր այդպես էլ չեն ներկայացրել իրենց հայտարարագրերը։