Ինքնատիպ սպորտ կամ բիզնես Հայաստանում. օդապարիկը քաղավիացիայի մասնիկն է դարձել

Հայկական օդապարիկն արդեն պաշտոնապես ճանաչվել է ավիացիայի տեսակ, և օդապարիկով սավառնողների անվտանգությունն այսուհետ կվերահսկի պետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում օդապարիկներով թռիչքներ իրականացնող ընկերությունն օդանավ շահագործողի վկայական է ստացել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը։

«Սա շատ կարևոր է, քանի որ առևտրային գործունեություն իրականացնելու համար ընկերությունը պետք է օդանավի շահագործման վկայական ունենա», – ասաց Բարսեղյանը։

Օդապարիկն առաջին անգամ Հայաստանի երկինք է բարձրացել 2014թ–ին։ 9 տարի է պահանջվել, որպեսզի Օդագնացների սպորտի ֆեդերացիան երկրի իշխանությանը համոզի, որ թույլտվություն տան։ Համարվել է, որ լեռնային երկրում օդապարիկով թռիչքները վտանգավոր են։ Իսկ այսօր Հայաստանի քաղաքացիական ավիացիան վկայական է տվել ընկերությանը։

Բարսեղյանի խոսքով` ընկերությունը մինչ այս որպես ֆիզիկական անձ է գրանցված եղել և Հայաստանի տարածքում թռիչքներ է իրականացրել որոշակի ռիսկեր հաղթահարելով։ Վկայական ստանալուց հետո ընկերության գործունեությունը կհսկի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Նա նաև նշեց, որ այդ վկայականով հնարավոր է օդապարիկով միջազգային թռիչքներ իրականացնել, բայց դա, թերևս, հնարավոր կլինի իրականացնել ուշ ապագայում։